Վանո Սիրադեղյանի կյանքը

Վանո Սիրադեղյանն անկախ Հայաստանի ամենահակասական, միաժամանակ առավել հետաքրքիր և ճանաչված քաղաքական և հասարակական գործիչներից մեկն է: Ընդհատակյա կյանքի տասնյակ տարիները նրա կերպարը դարձրին առեղծվածային: Թեև նրան Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք քրեական ամենածանր մեղադրանքներն առաջադրվեցին, Վանո Սիրադեղյանն այդպես էլ չընկալվեց հասարակության լայն շրջանակներում իբրև հանցագործ:

Սիրադեղյանը ծնվել է Տավուշի մարզում՝ Կոթի գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Լինելով բանասեր՝ մինչև Սովետական Միության փլուզումը և քաղաքականությամբ զբաղվելը հասցրել է աշխատել մի շարք պարբերականներում: 1988 թվականին անդամակցել է այն ժամանակ նորաստեղծ «Հայոց համազգային շարժմանը»: Միաժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր:

Սիրադեղյանի կյանքը 90-ականներին լի է եղել իրադարձություններով: Խորհրդային իրավապահ մամինների կողմից բանտարկվելուց-ազատ արձակվելուց հետո աշխատել է անտառտնտեսության վարչության պետ, եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 91-92 թվականներին աշխատել է որպես հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական: Այնուհետև հինգ տարի եղել է Հայաստանի ներքին գործերի նախարար, իսկ 97-98 թվականներին՝ Երևանի քաղաքապետ:

Հայաստանում 1998 թվականի իշխանափոխությունից հետո Վանո Սիրադեղյանին մի շարք հոդվածներով մեղադրանք առաջադրվեց: Վանո Սիրադեղյանի համակիրները և պաշտպանական թիմը բազմիցս հայտարարել են, որ նրա նկատմամբ Քոչարյանի իշխանությունը քաղաքական հետապնդումներ է իրականացրել: Վասակ Դարբինյանի՝ վերջերս լույս տեսած «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքում ներկայացվում է Սիրադեղյանի փաստաբան Վանյա Սուքիասյանի հետևյալ խոսքերը.

«Եկավ այն պահը, որ դատավորն ինձ զանգեց, ժամադրեց: Գիշերվա ասեմ, թե առավոտվա 4-ին… Վեր եմ կացել, գնացել, ասաց՝ Վանյա, էս գիշեր իմ տնից չեն գնացել, հիմա էլ մեր տանն են էդ երկու հոգին, արդեն երեքն են… Ասել են՝ եթե էսօր դու էդ որոշումը չկայացնես, տղադ վթարի զոհ կդառնա: Ասաց՝ էսօր նորից էդ միջնորդությունը բերելու են, ստիպված, որ տղաս չզոհվի, ավելի լավ ա, որ եթե նոր կառավարություն լինի՝ էն ժամանակ իմ հերն անիծվի, քան թե հիմա՝ իմ տղայի: Դատավորը բառացի ինձ չասաց, որ պիտի կալանքի որոշում կայացնի, բայց հասկացա, որ տղային փրկելու համար ստիպված նման որոշում պիտի կայացնի: Ո՞ր ծնողը նման իրավիճակում չէր գերադասի փրկել իր զավակին»:

1999 թվականի մայիսին Սիրադեղյանը կալանավորվեց: Օրեր հետո Սիրադեղյանի խափանման միջոցը փոխվեց: Վանո Սիրադեղյանն այդպես էլ չվերադարձավ բանտ՝ գերադասելով հեռանալ երկրից: Նրա շուրջ այս տարիներին եղել են բազմաթիվ ասեկոսեներ: Նրա գտնվելու վայրը մինչև այժմ չի հանրայնացվել:

Սիրադեղյանը բազմաթիվ հարցազրույցներում և հոդվածներում անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին: Այժմ նրա որոշ մտքեր ընկալվում են իբրև իրականություն դարձած կանխատեսումներ:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы